ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ

24/8/2026 22:40

ՀԱՊԿ-ը ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում չի համագործակցում Հայաստանի հետ․ այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Այս պահին Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի գծով ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացվում»,- ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի շրջանակում ռազմատեխնիկական մատակարարումների հարցում Երևանի նկատմամբ արտոնյալ պայմաններ են կիրառվում։ Վարչության տնօրենը նշել է, որ ոլորտային համագործակցությունը Երևանի հետ պահպանվում է երկկողմ հիմքով։ «Կա անհրաժեշտ իրավական բազա, որը, ի թիվս այլնի, արտոնյալ պայմաններով ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում է նախատեսում »,- նշել է նա։ Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշում ընդունելը կպահանջի կոնսենսուս։ Նա հայտնել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կանցկացվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։