Մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին

26/8/2026 13:33

Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: «Այստեղ իրավական գործընթաց չկա, կա մի հոգու բացահայտ, լկտի, ապօրինի ցուցում, որին ուղղակի հանցակից են դառնում նաև իրավապահ և դատական համակարգի շատ մասնակիցներ: Իրավական բացարձակ ոչինչ չկա այստեղ, գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա այս գործում, ուղղակի կա թքել-կպցնելու ցուցում, ու ինչ-որ բան ստանալու փորձ: Գործի հիմքում ոչինչ չկա, դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են նաև կալանավորել, որ դուք պատկերացնեք՝ այդ գործով մի ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի՝ շատ տարիքով մարդ, իր կինը, երկու աղջիկները, նույնիսկ այն դեպքում, որ աղջիկներից մեկը ամուսին չունի, ունի 3 երեխա, որից 2-ը անչափահաս են, ու այս կնոջը տարել են կալանքի։ Ապշում ես ուղղակի, ոնց կարող է քննիչը նման միջնորդությամբ մտնի դատարան, ու դատարանն էլ որոշի, որ չէ, այդ մարդը անպայման պետք է բանտում լինի, ոչ թե օրինակ տնային կալանքում»,- նշել է նա: