Ոստիկանությունն անցնելու է ուժեղացված ծառայության

26/8/2026 13:37

Նոր ուսումնական տարվա առթիվ՝ Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ուղղությամբ սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության՝ «Զգուշացեք, երեխաներ» միջոցառման նշանաբանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ ՆԳՆ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։ «Նախաձեռնությունը նորություն չէ, այլ ամենամյա, ավանդույթ դարձած միջոցառում է, որն ունի բազմաթիվ նպատակներ։ Ամենակարևորը երեխաների անվտանգության ապահովումն է, ՃՏՊ-ների կանխարգելումը, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, ուսումնական և այլ հաստատությունների հարակից տարածքներում հասարակական կարգի պահպանությունը։ Միջոցառման շրջանակում Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ուժերով ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն, որը սկսվելու է առավոտյան 08։00-ից մինչև 09։30, այնուհետև 12։00-ից մինչև դասերի ավարտը»,- ասել է Գեորգի Խաչատրյանը։ Նա հավելել է, որ առավել մեծ ուշադրություն է դարձվելու այն դպրոցներին, որոնք գտնվում են ճանապարհների անմիջական հարևանությամբ։ «Ուսումնական հաստատություններին հարող տարածքներում, որտեղ կան ճանապարհային գծանշումներ, լուսացույցներ և հետիոտնային անցումներ, փողոցների հատումը կազմակերպվելու է խմբերով՝ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։ Այս մոտեցումը կիրառվելու է նաև աշակերտների թվաքանակով պայմանավորված մեծ դպրոցներում, որտեղ մարդկային հոսքերի և տրանսպորտային միջոցների շարժն առավել ինտենսիվ է ու խցանման տեսանկյունից առավել ռիսկային։ Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ արդեն իսկ ուժեղացրել ենք ծառայություններն առևտրի կենտրոններում, խոշոր տոնավաճառներում՝ հաշվի առնելով գնումների ծավալների աճը։ Այստեղ նույնպես նպատակը հասարակական կարգի ապահովումն է, խցանումների բացառումը և մարդկային հոսքերի կարգավորումը»,- նշել է Խաչատրյանը։ Նրա դիտարկմամբ՝ «Զգուշացեք, երեխաներ» միջոցառումը միայն Ոստիկանության կողմից անվտանգային ծառայությունների կազմակերպման և իրականացման մասին չէ, այլև միտված է երեխաների անվտանգության ու պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը։ «Երեխաներն առավել խոցելի են այն իրավիճակում, երբ առկա է մեծահասակների անուշադրություն կամ անտեղյակություն, հետևաբար սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ուսումնական հաստատություններում դպրոցահասակների և ծնողների շրջանում իրականացվելու են «Օրինապահ հետիոտն» խորագրով միջոցառումներ՝ իրազեկելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների մասին։ Մենք կարևորում ենք նաև երեխաների մասնակցությունը նման ձևաչափերի քննարկումներին, որովհետև գործնական վարժանքները երեխաներին կօգնեն տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել»,- ասել է փոխգնդապետ Խաչատրյանը։ Նրա տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 1-ից Ոստիկանությունն ակտիվացնելու է հանրակրթական ուսումնական հաստատություններում նաև այլ ուղղություններով իրազեկման աշխատանքները՝ առավելապես երեխաներին հետաքրքրող թեմաների վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք ընդգծել այն կարևոր գաղափարը, որ երեխայի անվտանգությունը միայն մեկ անձի կամ կառույցի պատասխանատվությունը չէ։ Չնայած այն հանգամանքին, որ «Զգուշացեք, երեխաներ» միջոցառումն իրականացվելու է ուսումնական հաստատություններում և հարակից տարածքներում, բայցևայնպես երեխաների անվտանգությունը չի սահմանափակվելու միայն դպրոցներով, ընդգրկելու է նաև այլ հասարակական վայրերն ու զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներով պայմանավորված համացանցը։ Պետք է համատեղենք ուժերը՝ ցուցաբերելով առավելագույն զգոնություն և պատասխանատու վերաբերմունք»,- ավելացրել է Խաչատրյանը։