Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին

27/8/2026 09:04

Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քննարկումներին, սակայն դե յուրե մնում է միավորման անդամ,- այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ «Գիտեք, մենք այս հարցը վաղուց ենք քննարկում։ Այսօրվա դրությամբ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ շրջանակում հարցերի քննարկմանը, դե ֆակտո Հայաստանը չի ուղարկում իր աշխատակիցներին, զինծառայողներին և ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներին քվոտային պաշտոնների համար, և արդեն երրորդ տարին է՝ Հայաստանը չի վճարում անդամավճարները։ Բայց դե յուրե նրանք մնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ»,- նշել է նա։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հայաստանը լուրջ ներդրում է ունեցել ՀԱՊԿ զարգացման գործում, հայ ժողովուրդը երկրի ղեկավարության բոլոր նախաձեռնություններին աջակցել է այս կամ այն ժամանակահատվածներում։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ կողմ է հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրսբերմանը և գոհ կլինի, եթե դա տեղի ունենա։ Նրա խոսքով՝ դա Երևանին կազատի երկընտրանքից՝ դուրս գալ, թե չդուրս գալ կազմակերպությունից։