Ողբերգական ավտովթար` Երևան-Սևան-Իջևան ճանապարհին
31/8/2026 10:12

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։