Երիտասարդների համար ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ընտրության հարցն արհեստական է
1/9/2026 13:11

Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդությունը կարող է հսկայական դեր խաղալ երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ,- Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այսպես պատասխանել «Էրա» հասարակական կազմակերպության հարցին, թե ինչ ներդրում կարող է անել ոչ անտարբեր հայ երիտասարդությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում։
Զախարովայի խոսքով՝ երիտասարդները կարող են դառնալ խաղաղ համակեցության, բարեկամության և Հայաստանի ու Ռուսաստանի միջև հնարավորինս սերտ հարաբերությունների զարգացման աջակիցներ և, որ նման հարաբերությունների հիմքը ստեղծում են բազմադարյա պատմությունը, մշակութային մերձությունը, ինչպես նաև ընդհանուր ավանդական արժեքներն ու կրոնական հայացքների մերձությունը։
Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների կարևոր, ժամանակակից հիմքերից են նաև երկու երկրների ներկայացուցիչների ստեղծած բազմաթիվ ընտանիքները։ Զախարովան նշել է, որ կան մարդկանց ամբողջ սերունդներ, որոնք իրենց չեն առանձնացնում Հայաստանի կամ Ռուսաստանի մշակույթից և իրենց համարում են միաժամանակ երկու ժողովուրդների և երկու մշակույթների մաս։
«Դրանք հազարավոր ու հազարավոր մարդիկ են, եթե ոչ հարյուր հազարավոր կամ նույնիսկ ավելի, որոնք չեն կարող, չեն ուզում և չեն պատրաստվում ասել, թե իրենց համար այն երկիրն ավելի քիչ է կարևոր, իսկ այս երկիրն ավելի կարևոր է»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ շատ երիտասարդների համար Հայաստանի և Ռուսաստանի միջև ընտրության հարցն արհեստական է, քանի որ նրանց ընտանիքները, մշակութային կապերն ու անձնական պատմությունը սերտորեն կապված են երկու երկրների հետ։