Առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ
1/9/2026 19:17

Այս տարի դպրոց են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ։ Նրանցից մոտ 33 հազարը օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է առաջին դասարան հաճախելու նպատակով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից՝ ընդգծելով, որ հայտագրման գործընթացը շարունակվում է։
«ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը։ Այս ուսումնական տարում առաջին դասարան հաճախողների և հանրակրթական դպրոցներում սովորողների տվյալների ամփոփումը կկատարվի սեպտեմբերի 5-ից հետո»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։
Հանրակրթական դպրոցներում այս ուսումնական տարին հայտարարվել է ընթերցանության տարի. տարվա ընթացքում նախատեսված են աշակերտների ընթերցանության խրախուսմանն ուղղված մի շարք միջոցառումներ։
Ընթերցանության տարին կմեկնարկի սեպտեմբերի 4-ին՝ Գրքի միջազգային իններորդ փառատոնի շրջանակում։
Ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրական որևէ ժանրի կամ ուղղության․ սեպտեմբերի թեման «Սասնա ծռեր» էպոսն է։