Մոսկվան չի պատրաստվում երկար սպասել
3/9/2026 09:49

Փաշինյանի՝ ՇՀԿ գագաթաժողովին գնալու միակ նպատակը ՌԴ նախագահի հետ հանդեպելու առիթը բաց չթողելն էր: Հունիսի 7-ից հետո, նա ոչ մի կերպ չէր կարողանում Պուտինի հետ հանդիպել,- ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն է գրել․
«Սակայն երկար սպասված բիշքեկյան հանդիպումը փոխզիջման չհանգեցրեց:
ՌԴ նապագահի ասուլիսից ու ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան լայվից ակնհայտ էր, որ հիմնական հակասությունը չի հաջողվել հանել օրակարգից։
Նիկոլը ճգնում էր «բացատրել», որ․օրենք ընդունելը դեռևս չի նշանակում, անդամակցել ԵՄ-ին։ Հետևաբար, չկա հանրաքվեի անհրաժեշտություն։
Պուտինը շարունակում էր պնդել, որ ՌԴ և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տեսանկյունից, այդ օրենքը նշանակում է, որ Նիկոլի կառավարությունն ընտրել է ԵԱՏՄ-ն լքելու և Եվրոպա գնալու ուղղությունը։
Նիկոլի կառավարությունը հերթական անգամ Հայաստանը դրել է անհեթեթ վիճակի մեջ: Եթե Ադրբեջանը կարող է պարտադրել հանրաքվե ու ստիպել հրաժարվել հայկական պետության գոյության իմաստից ու գլխավոր իդեալներից, ապա ինչու ԵԱՏՄ-ն ևս չի կարող պահանջել հանրաքվե: Փաստացի այդ հանրաքվեով ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի քաղաքացին ընտրություն կատարի գոյություն չունեցող, վերացական «եվրոպական ուղղության» և փաստացի գործող և Հայաստանին տնտեսական շահավետություն ապահովող ԵԱՏՄ միջև։
Բացի այն, որ ԵՄ ուղղության ընտրություն գոյություն չունի, չկա վստահություն նաև հանրաքվեի արդյունքների հարցում։ Հետևաբար Նիկոլի մարտավարությունը ժամանակ ձգելն ու դեպի ԵՄ շարժվելն է՝ միաժամանակ հնարավորինս երկար պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Բիշքեկյան հանդիպումից երևաց, որ Մոսկվան չի պատրաստվում երկար սպասել, մինչև Հայաստանը գտնի իր անկյունը ԵՄ-ում։ Նրանք արդեն իսկ Հայաստանի ընդունած օրենքը համարում են քաղաքական ընտրություն։ Հետևաբար, անկախ նրանից՝ հանրաքվե կլինի, թե ոչ, միևնույն է ՌԴ-ն շարունակելու է արձագանքել Հայաստանի վարած քաղաքականությանը: Ուկրաինայի, ու Մոլդովայի օրինակները բավարար են Ռուսաստանին՝ միևնույն սխալը չկրկնելու և իրավիճակը նոր հակամարտության չհասցնելու համար: Հատկապես, որ Հայաստանն Արևմուտքին այսօր պետք է՝ Ռուսաստանից պոկելու և իր հակառուսական արշավի մեջ ևս մեկ գլադիատոր (ինչպես Ուկրաինան է) ավելացնելու համար:
Հետևաբար, քանի դեռ Ռուսաստանի ձեռքում կան գործիքներ՝ վերջինս դա կիրառելու է:
Հոլիվուդյան սցենարներ չեն լինելու և Փաշինյանի արևմտյան կուրսն աստիճանաբար ավելի թանկ է նստելու Հայաստանի վրա։
Մեր ժողովրդի համար, ԵՄ-ն հենց վաղը չի կարող փոխարինել ռուսական շուկային, գազին և տնտեսական կապերին։ Սակայն ՌԴ-ն կարող է մեկ օրում տնտեսական ու սոցիալական բարդություններ ստեղծել մեզ համար։
Կարելի է ասել, որ, բիշքեկյան հանդիպումը կարող է վերածվել ռուս-հայկական դիմակայության մեկնարկի:
Հ.Գ. «Եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմակայանը Գյումրիում պետք չէ, մենք կգնանք թեկուզ վաղը»։ — Վլադիմիր Պուտին
Պուտինի այս հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լլծակից՝ առանց պատասխանելու ՀՀ անվտանգային միջավայրում առաջանալիք նոր վակումի հարցին»,- գրել է նա։