Ամոթալի են ՀՀ-ում իրականացվող հետապնդումները․ Արա Աբրահամյան

3/9/2026 16:33

Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, որի հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ ականավոր ընդդիմադիր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումն ու ձերբակալությունները,- այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության մեջ։ «Բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը։ Իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գործողություններն ուղղված են պետության տնտեսական և իրավական համակարգի հիմքերի, ինչպես նաև ժողովրդավարական և բարոյական նորմերի գիտակցված խաթարմանը։ Դիմում ենք դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներին։ Նույնիսկ ամենամութ ժամանակներում կարելի է և պետք է մնալ լուսավոր մարդ, չգնալ սեփական խղճի դեմ և պահպանել ձեր բարի անունը։ Գագիկ Ծառուկյանին ճանաչում եմ որպես մեծ հայրենասերի, մարդու, ով իր ուժերով, զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ է կատարել դրա զարգացման, ինչպես նաև Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, ապահովել է տասնյակ հազարավոր ընտանիքների աշխատանքով։ Գիտեմ, որ նրան բազմիցս, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, նախագահների մակարդակով, առաջարկել են բիզնեսով զբաղվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։ Սակայն Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այդ առաջարկներից՝ մնալով իր Հայաստանի հայրենասերը։ Ապօրինաբար զրկելով Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից՝ Փաշինյանը ոչ միայն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը, այլև փորձում է թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ հարևան երկրների իր նոր «խաղաղասեր բարեկամների» համար, որոնք չեն թաքցնում Հայաստանի նկատմամբ իրենց ծրագրերը։ Գագիկ Ծառուկյանի՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին ենթարկվելը հետապնդման և ձերբակալվելը չպետք է անտարբեր թողնի որևէ մեկին՝ շարքային քաղաքացուց մինչև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։ Ավելին, ես կասեի՝ առաջին հերթին հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք այսօր պետք է հստակ և բացահայտ արտահայտեն իրենց դիրքորոշումը և ոչ թե գլուխները թաքցնեն ավազի մեջ։ Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է և առաջնորդ, և նույնիսկ գտնվելով բանտում՝ նա շարունակում է մնալ հոգով ավելի ուժեղ և ազատ, քան իրեն հետապնդողները։ Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող՝ իրենց վարած ազգային շահերի հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչների ահաբեկումն ու հետապնդումը»։