Եվս մեկ դատավոր հրաժարվեց Վեհափառի վերաբերյալ քրեական գործը քննելուց

3/9/2026 18:30

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց․ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։ Տեղեկությունը Սպուտնիկ Արմենիային հաստատեցին դատարանից։ Ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։ Նրան հաջորդած դատավոր Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել նրանց ելքը՝ ՀՀ-ից։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։