Բարդ հարցերը կարող են վերջնականապես լուծվել միայն առաջնորդների մակարդակով․ Զելենսկի

6/9/2026 20:48

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում ամերիկացի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ոչ միայն պատերազմի հնարավոր ավարտի պայմանները, այլև Ուկրաինային մոտակա հեռանկարում ցուցաբերվելիք հրատապ աջակցությունը։ Զելենսկին նշել է, որ սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել բանակցությունների երեք փուլ, որոնք նա անվանել է «շատ բովանդակալից»։ Մասնավորապես, կողմերը քննարկել են ձմռանը նախապատրաստվելը, հակաօդային պաշտպանությունը, էներգետիկան և ամերիկյան հեղուկացված բնական գազի հնարավոր օգտագործումը։ Կիևը հույս ունի, այսպես կոչված, «ձմեռային փաթեթի» վրա, եթե պատերազմը շարունակվի ցուրտ եղանակին։ «Առայժմ ամեն ինչ հենց այդպես էլ թվում է»,- ասել է նա՝ ընդգծելով ՀՕՊ միջոցների մատակարարումների և էներգետիկ աջակցության առանձնահատուկ կարևորությունը։ Նա նաև հայտնել է, որ բանակցությունների մասնակիցները շոշափել են տարածքային հարցը, սակայն չեն սկսել այն մանրամասն քննարկել։ Զելենսկու կարծիքով, նման բարդ հարցերը կարող են վերջնականապես լուծվել միայն առաջնորդների մակարդակով։