Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է

7/9/2026 22:37

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնարկել է՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։ Հետագայում նախատեսվում է ավելացնել արտահանման ծավալները։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, արտահանումն իրականացվում է օգոստոսի 27-ին Դուբայում հիմնադրված «Watermelon Ecosystem» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայ կատարած այցի ընթացքում այցելել է ընկերություն։ Հիմնադիրների ուղեկցությամբ նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել ընկերության գործունեությանը, ենթակառուցվածքներին և արտադրական հնարավորություններին։ «Watermelon Ecosystem»-ը սննդի և ըմպելիքների ոլորտում գործող տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ռեստորաններին, հյուրանոցներին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին։ Այն առաջարկում է թվային գնումների, մատակարարման շղթայի կառավարման և ֆինանսավորման լուծումներ։ Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է նաև տեղական արտադրողների և մատակարարների հետ՝ նպաստելով սննդի սպասարկման ոլորտում նրանց արտադրանքի հասանելիության ընդլայնմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են առավել սերտորեն համագործակցել ինչպես ներդրումային ծրագրերի իրականացման, այնպես էլ հայկական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ։