Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

8/9/2026 19:49

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ուղիղ մեկ ժամ։ Զրուցակիցները հիմնական ուշադրությունը դարձրել են ուկրաինական կարգավորման հարցերին․ այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նախագահները քննարկել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ վերջերս Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները։ Կողմերը դրական են գնահատել այդ ուղղությամբ աշխատանքը և պայմանավորվել շարունակել այն։ Զրույցի ընթացքում Պուտինը Թրամփին ներկայացրել է հատուկ ռազմական գործողության գոտում տեղի ունեցողի «օբյեկտիվ և հանգամանալից վերլուծությունը»։ Իր հերթին, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է իր նախագահական ժամկետի ընթացքում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում բեկման հասնելու մեջ։ Պուտինը միաժամանակ վստահեցրել է Թրամփին, որ Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ ագրեսիվ ծրագրեր «նույնիսկ մտքում չունի»։ Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել հակամարտության լուծման ուղիների որոնման հարցում ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը։ Առանձին Պուտինը նշել է նաև ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելու գործում ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի ջանքերը։ Ուշակովի բնորոշմամբ՝ զրույցն անցել է դրական մթնոլորտում։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են կապի մեջ մնալ և անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով նոր հեռախոսային բանակցություններ անցկացնել։