Դուք Դուբայում հանգստանում էիք, երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր

9/9/2026 12:14

Դուք և ձեր քույրը Դուբայում հանգստանում էիք, երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանին։ «Տիկին Վարդանյան, սկանդալային տարբեր պատմությունների ու հրապարակումների այլ մանրամասներ չներկայացրեցի՝ հաշվի առնելով ձեր հայրիկի լուսահոգի լինելու հանգամանքը, բայց կարծում եմ, որ այդպիսի տեղեկությունները մամուլում չափազանց շատ են։ Հիմա իմ հարցը վերաբերում է այլ բանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի մի հրապարակմանը, որտեղ «Հրապարակ օրաթերթ»-ը գրել էր՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը և նրա քույրը՝ Երևանի ավագանու նորընտիր անդամ Նուարդ Վարդանյանը, իրենց հանգիստն են անցկացնում Դուբայում։ Ինչի՞ համար եմ ես այս հրապարակումը առանձնացրել, որովհետև դա տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի վերջին, ճիշտ այն ժամանակահատվածում, երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր Արցախից։ Ես ուզում եմ իմանալ, դուք՝ որպես հանրային ծառայող, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ, ի՞նչ պատասխանատվություն և ի՞նչ գիտակցում եք ունեցել հենց այդ օրերին ձեր հանգիստը անցկացնելու ձեր քույրիկի հետ»,- հարցրել է նա։ Ի պատասխան՝ Վարդանյանը շեշտել է, որ ինչ վերաբերում է իր հայրիկի մասին սկանդալային հրապարակումներին, ապա վերջինիս պաշտոնանկությունից հետո նախկին իշխանությունները բավականին մանրամասն՝ այդ թվում ԱԱԾ–ին ներգրավվելով, հետաքննել են բոլոր գործերը՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կարող են դրանով ճնշել իր հորը, թե ոչ, և որևէ բան չեն գտել։ «Այսուհետ ես ուղղակի արգելում եմ իմ հոր անունը այստեղ տալ, մանավանդ այն համատեքստում, ինչ դուք եք տալիս։ Ինչ վերաբերում է «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը, չգիտեմ ինչ է եղել «Հրապարակ» օրաթերթում, բայց ձեզ մի հարց տամ, այդ հարցերը, որ տալիս եք, խնդրում եմ ձեր քաղաքական առաջնորդին հարցրեք գեներատորների մասին, որոնք տեղադրված են եղել Քելբաջարի տարածքում, հետո այդտեղից հանվել են և դա ներկայացվել է որպես կորուստ և պետական աջակցություն է ստացել։ Այսուհետ ինչ-որ հարց տալուց խնդրում եմ մտածել հետևանքների մասին, թե ինչ պատասխան կստանաք»,- ասել է նա։