Բաքվից դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են ԼՂ

11/9/2026 10:01

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները երկօրյա այց են սկսել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ: APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցին մասնակցում է 58 երկիր և 9 միջազգային կազմակերպություն ներկայացնող շուրջ 150 հոգանոց պատվիրակություն։ Ըստ ադրբեջանական կողմի՝ դիվանագետներին ներկայացնելու են Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտի և Քարվաճառի շրջաններում իրականացվող շինարարական ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների ներկայիս վիճակն ու դրանց պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։ Իսկ ահա օրեր առաջ Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը արբանյակային լուսանկարներով փաստագրել էր Շուշիի պատմական արևելյան գերեզմանոցի ոչնչացումը։ 12-13-րդ դարերի խաչքարերով ու պատմական տապանաքարերով տարածքը հողին է հավասարեցվել, իսկ դրա մի մասով այժմ կոյուղատար է անցկացվում։