Կառավարության անդամի երդման նոր տեքստից դուրս են եկել հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը

14/9/2026 14:53

Կառավարության անդամի նախորդ երդման տեքստում կար հայրենիք, ժողովուրդ և ազգ բառերը։ Արդյո՞ք այս տեքստում կա հայրենիք, ժողովուրդ և ազգ բառերը և հասկացությունները: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին: «Պարո՛ն Կարապետյան, այստեղ կա Հայաստանի Հանրապետություն հասկացությունը, որն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը, և կան հետևյալ սկզբունքները՝ մենք պետք է գործենք այդ Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով: Մենք պարտավոր ենք ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը, իսկ ազգի հետ կապված էլ կարծում եմ՝ ապագա սերունդների առջև պատասխանատվությունն ավելի քան պատասխանում է ձեր հարցին»,-նշել է Սրբուհի Գալյանը։ Նարեկ Կարապետյանն ասել էր, որ իր հարցը նրանում է՝ կա՞ն հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը: «Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել: Խնդրում եմ ներկայացնել՝ արդյոք նրանում, ինչը մենք կարդում ենք, այս գաղափարները կան, այսինքն՝ գրվա՞ծ են, թե՞ ոչ: Ես կարդացի, որ դուրս են եկել հայրենիք, ազգ, ժողովուրդ և նաև Կառավարության անդամի՝ ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին նշումը, իր ժողովրդի, ում պետք է ծառայի»,-հավելել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը: