TRIPP-ի համաձայնագրի սահմանադրականության հարցը կքննվի այսօր

15/9/2026 13:02

Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով կսկսի քննել TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը։ ՍԴ-ն պետք է որոշի՝ փաստաթղթով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը։ Գործով զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգտոնը նախաստորագրել էին մայիսի 26-ին։ Ստորագրման գործընթացն ավարտվել էր հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։ Հուլիսին Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին։ Եթե Սահմանադրական դատարանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխան ճանաչի, համաձայնագիրը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը ցանկանում է հնարավորինս արագ անցնել TRIPP-ի իրականացմանը՝ հույս հայտնելով, որ տեղում աշխատանքները հնարավոր կլինի սկսել արդեն այս աշնանը։ Սակայն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը, ապա նաև Ադրբեջանի արտգործնախարարը օրերս նշել էին, թե շինարարությունը հավանաբար կմեկնարկի հաջորդ տարեսկզբին: