Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
15/9/2026 15:36

Գորիսի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։
Վճռաբեկ դատարանը մերժել է Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու Գլխավոր դատախազության բողոքը, որոշումն արդեն օրինական ուժի մեջ է մտել։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին դատարանից։
Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Առուշանյանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել ազատազրկմամբ, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր միջնորդությունը։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, որն անփոփոխ էր թողել դատարանի ակտը: Իսկ Վճռաբեկ դատարանի վերջին որոշմամբ դատական գործընթաց, ըստ էության, ավարտվեց:
Առուշ Առուշանյանին 2022 թվականին դատարանն արդարացրել էր ընտրական ենթադրյալ հանցագործությունների դրվագով, սակայն մյուս արարքով նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատարանը սահմանված պատժաչափից հաշվակցել էր նրա արգելանքի տակ գտնվելու ութ ամիսը և որպես վերջնական պատիժ սահմանել էր 6 ամսվա ազատազրկում, որն էլ պայմանականորեն չէր կիրառվել: