Հայաստանում մեկնարկել է ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը

20/9/2026 11:35

ՌԴ Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Երևանի և Գյումրիի երկու ընտրատեղամասում: Հայաստանում ՌԴ դեսպանատան տվյալներով՝ հանրապետության տարածքում քվեարկության անցկացման համար ձևավորվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանում ՌԴ դեսպանատան և Գյումրիում գլխավոր հյուպատոսության շենքերում: Քվեարկությունը կանցկացվի մեկ օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 8.00-ից մինչև 20.00-ը (Մոսկվայի ժամանակով՝ 7.00-19.00): Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում: Նախնական գրանցում չի պահանջվում: Քվեարկողները պետք է իրենց հետ ունենան Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձը հաստատող գործող փաստաթուղթ՝ ներքին կամ արտասահմանյան անձնագիր: Սեպտեմբերի տասնութին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն անցկացրել են ընտրողների առանձին խմբերի վաղաժամկետ քվեարկություն, որին մասնակցել են Հայաստանում ՌԴ ԱԱԾ Սահմանապահ վարչության 39-րդ Կարմրադրոշ Լենինականի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները և նրանց ընտանիքի անդամները: