Խաղաղություն և ամրություն մեր պետությանը

21/9/2026 10:53

Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը։ Ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա և մեր պետականության վերականգնման 35-րդ տարեդարձի առթիվ։ 35 տարին պետականության պատմության մեջ միաժամանակ երկար և շատ կարճ ժամանակ է։ Բավական երկար՝ անցած ճանապարհը գնահատելու համար, և բավական կարճ՝ հասկանալու, որ անկախ պետությունը երբեք ավարտված ձեռքբերում չէ։ Անկախության օրը, հետևաբար, միայն պատմական իրադարձության խորհրդանիշ չէ։ Այն մեզ համար պատասխանատվության և պարտքի մասին մտածելու օր է։ Անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը ցանկացած ժողովրդի համար հիմնարար և անփոխարինելի արժեքներ են։ Հայ ժողովուրդը հազարամյակների պատմության ընթացքում անցել է պետականության կորստի ու վերականգնման, վերելքների և ծանրագույն փորձությունների միջով։ Այսօր մենք ունենք այն, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել են՝ Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը պարզապես մեր ներկայի պետական կազմակերպությունը չէ։ Այն հայ ժողովրդի պատմական շարունակականության այսօրվա իրականությունն է և աշխարհասփյուռ հայության՝ սեփական պետություն ունենալու դարավոր ձգտման մարմնավորումը։ Այդ պատճառով պետությունը մեզանից յուրաքանչյուրի համար ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն։ Անկախությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և դրա հետևանքների համար պատասխանատվություն կրելու կարողությունն է։ Ազատությունը սեփական որոշումները կայացնելու և դրանց պատասխանատվությունը ստանձնելու հնարավորությունն է։ Ինքնիշխանությունը սեփական շահը ձևակերպելու և պաշտպանելու քաղաքական կարողությունն է։ Ուստի պետականությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ։ Այն ամեն օր ստեղծվող ու ամրապնդվող իրականություն է։ Այսօր մենք իրավունք ունենք մեր պետության մասին խոսելու բաց և անկեղծ՝ տեսնելու ձեռքբերումները, ընդունելու թերություններն ու չկատարված աշխատանքը։ Դրանք շատ են։ Բայց հենց մեր պետության նկատմամբ պատասխանատվությունն է մեզ պարտավորեցնում դրանք լուծել ոչ թե միմյանցից հեռանալով, այլ աշխատելով՝ տարբեր կարծիքներով, բանավեճով և քաղաքական մրցակցությամբ։ Այս տարվա հունիսին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանի քաղաքական կյանքի կարևոր հանգրվան էին։ Ժողովրդավարական գործընթացը շարունակվում է, և ընտրությունների արդյունքը նոր քաղաքական պատասխանատվություններ է ձևավորում։ Մենք կարող ենք տարբեր կերպ պատկերացնել Հայաստանի ապագան, ունենալ տարբեր քաղաքական հայացքներ ու լուծումներ, բայց այդ տարբերությունների հիմքում պետք է մնա մեկ ընդհանուր արժեք՝ Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր փոխվում է աշխարհը, փոխվում է մեր տարածաշրջանը, փոխվում են անվտանգության, տնտեսության և զարգացման պայմանները։ Այս իրողություններին դիմագրավելու համար Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը, և ամուր՝ առանց կորցնելու փոփոխվելու կարողությունը։ Մենք կարող ենք և պետք է փոխենք քաղաքականություններ, բարեփոխենք ինստիտուտներ, գտնենք նոր լուծումներ։ Բայց անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը չեն կարող լինել իրավիճակային արժեքներ։ Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը։ Անկախության 35-րդ տարեդարձը մեզ պարտավորեցնում է երբեք չմոռանալ, թե որտեղից ենք եկել, ոգով, հավատով ու խիզախությամբ ամրագրել, թե ինչ պետություն ենք ուզում թողնել հաջորդ սերունդներին։ Մեր պատասխանատվությունն է նրանց փոխանցել ոչ միայն անկախ պետություն ունենալու փաստը, այլև ինքնիշխան, ազատ, ժողովրդավար և կարողունակ պետություն՝ իր ապագան ինքնուրույն կերտելու ներուժով։ Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է։ Սա է անկախության իմաստը։ Սա է մեր պետական պարտքը։ Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայությանը Անկախության օրվա առթիվ։ Խաղաղություն և ամրություն մեր պետությանը, ազատություն և արժանապատվություն՝ մեր քաղաքացիներին։ Փառք նահատակներին և Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։