Human Rights Watch-ը՝ Բաքվի բшնտերում պահվող հայերի խնդիրների մասին

22/9/2026 23:37

Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռուբեն Վարդանյանը, ով Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման պատիժ է կրում, հայտնում է, որ իրեն և 18 այլ հայ կալանավորների զրկում են ընտանիքի հետ կանոնավոր շփումից, բավարար ֆիզիկական վարժություններից, բժշկական հետազոտություններից և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից. գրում է Human Rights Watch։ «Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց հրապարակված աուդիոուղերձում Վարդանյանը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների հարցերով լիազոր (օմբուդսմեն) Սաբինա Ալիևային։ Նա նշել է, որ «Ումբակի» բանտում գտնվող որոշ կալանավորներ չեն ստանում շաբաթական հեռախոսազանգի հնարավորություն, և ոչ ոք չի կարողանում տեսազանգ կատարել։ «Երբ իմ խցակիցը ձերբակալվեց, նրա երեխան 10 ամսական էր», - ասել է Վարդանյանը։ «Այժմ երեխան 3 տարեկանից ավելի է և չի տեսել հորը»։ Վարդանյանը հայտնել է, որ չի կարողացել անցնել բժշկական հետազոտություններ նույնիսկ սեփական միջոցների հաշվին, օգտվել նոտարական ծառայություններից կամ գրավոր պատասխաններ ստանալ իր բողոքների վերաբերյալ։ Նա նշել է, որ կալանավորներին շաբաթական ընդամենը 20-40 րոպե է հատկացվում բացօթյա զբոսանքի կամ ֆիզիկական վարժությունների համար՝ օրական մեկ ժամի փոխարեն։ Սեպտեմբերի 19-ին Ալիևայի գրասենյակը հերքել է կալանավորների իրավունքների խախտման մասին պնդումները։ Կալանավորների՝ ընտանիքների հետ շփումն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը փակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը։ ԿԽՄԿ-ն հայտնում է, որ Ժնևում տեղակայված կազմակերպության ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են կալանավորներին, առանձնազրույց ունեցել նրանց հետ, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ, ինչպես նաև գնահատել նրանց նկատմամբ վերաբերմունքն ու պահման պայմանները։ Այնուամենայնիվ, այցելություններն այժմ ավելի քիչ կանոնավոր բնույթ են կրում։ Վարդանյանը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվելիս՝ ավելի քան 100 000 էթնիկ հայերի հետ միասին, ովքեր լքել էին տարածաշրջանը Ադրբեջանը պետք է ապահովի, որ բոլոր կալանավորները կարողանան կանոնավոր կապ պահպանել ընտանիքի հետ, ստանալ նամակներ և թույլատրված ծանրոցներ, ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն և հնարավորություն ունենալ ամենօրյա բավարար զբոսանքի՝ բացօթյա տարածքում։ Այն նաև պետք է թույլ տա Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) կանոնավոր կերպով այցելել հակամարտության հետ կապված ձերբակալված անձանց։ «Անկախ նրանից, թե էլ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ ձեզ՝ գոնե պահպանեք ձեր իսկ օրենքները»,- ասել է Վարդանյանը»: