Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է

23/9/2026 23:59

Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու այս գաղափարը պարզապես հիմարություն չէ․ եթե դրա հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը, ապա դա Հայաստանի անվտանգության դեմ քայլ է։ Այս մասին գրել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։ «Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու այս գաղափարը պարզապես հիմարություն չէ․ եթե դրա հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը, ապա դա Հայաստանի անվտանգության դեմ քայլ է։ Բանակը կրճատելու ցանկացած փորձ այսօր պետք է բարձրաձայն հարցականի տակ դրվի։ Հայաստանին պետք է ավելի ուժեղ, ավելի մարտունակ և ավելի պատրաստված բանակ, ոչ թե ավելի փոքր բանակ։ Պետական պաշտոն զբաղեցնող մարդը, որը երբեք չի ծառայել և միաժամանակ որոշում է զինված ուժերի ճակատագիրը, առնվազն պետք է պատասխան տա՝ ինչո՞ւ է ինքը պահանջում այն պարտականությունից ազատում, որը պատրաստ է պարտադրել ուրիշներին։ Մի ժամանակ բանակում ծառայելը տղամարդու պատիվ էր։ Պաշտպանել հայրենիքը՝ պարտք էր։ Այդ արժեքները չպետք է վերածվեն անցյալի հիշողության։ Իսկ եթե բանակի կրճատման իրական նպատակը ուրիշ է, թող իշխանությունը բաց ու ազնիվ ասի՝ ո՞ւմ պահանջն է կատարում և ո՞ւմ է պետք թույլ հայկական բանակը։ Ժողովուրդը իրավունք ունի իմանալու ճշմարտությունը։ Մի՛ վախեցեք Ալիեվի ճնշումներից։ Մի՛ թուլացրեք բանակը՝ հանուն որևէ մեկի պահանջների։ Ուժեղ պետությունը խաղաղություն է պահպանում ուժեղ բանակով, ոչ թե սեփական պաշտպանունակությունը քայքայելով։ Հայաստանի բանակը սակարկության առարկա չէ։ Բանակը հայրենիքի վահանն է։ Այդ վահանը կրճատելու ցանկացած քայլի համար պատասխան պետք է տրվի ժողովրդին»,- գրել է նա։