Բրյուսելի առաջնահերթ նպատակը ամենևին էլ Հայաստանի տնտեսական բարգավաճումը չէ

24/9/2026 10:04

Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում Եվրամիության հետաքրքրությունը դիտավորյալ ցուցադրական բնույթ է կրում, դրա նպատակը Ռուսաստանին վնաս հասցնելն ու սեփական աշխարհաքաղաքական խնդիրների լուծումն է․ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն, Արկտիկական խորհրդում ՌԴ ավագ պաշտոնյա Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Երևանի կուրսը, հաշվի առնելով ԵՄ օրենսդրության և ԵԱՏՄ իրավունքի սկզբունքային անհամատեղելիությունը, չի կարող մեզ մոտ հարցեր չառաջացնել։ Նույն կերպ, ինչպես նաև Եվրամիության՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ դիտավորյալ ցուցադրական հետաքրքրվածությունը»,- ասել է Մասլեննիկովը և նշել, որ հաշվի առնելով Եվրամիության բացահայտ հակառուսական քաղաքականությունը, որը գնալով ավելի ու ավելի է վերածվում պայմանավորվածությունների ընդունակ չլինող և ագրեսիվ տրամադրված ռազմաքաղաքական բլոկի, չարժե պատրանքներ ունենալ նրա իրական մտադրությունների վերաբերյալ։ «Բրյուսելը երբեք ալտրուիզմով չի առանձնացել։ Նրա առաջնահերթ նպատակը ամենևին էլ Հայաստանի տնտեսական բարգավաճումը չէ, այլ մեր երկրին վնաս հասցնելն ու իր այլ աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը»,- նշել է դիվանագետը։