Թեփով ու ալյուրով բարձված բեռնատարում հրդեհ է բռնկվել
25/9/2026 13:45

Սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Կոտայքի մարզի բնակիչ 73-ամյա Ալֆրեդ Պ.-ի վարած՝ «Ford» մակնիշի, թեփով ու ալյուրով բարձված բեռնատարի խցիկի և շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։