ՌԴ-ում ՀԱՊԿ-ի զորավարժություններ են մեկնարկել

27/9/2026 15:54

Ռուսաստանում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների համատեղ հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժությունները՝ «Փոխգործակցություն-2026», «Որոնում-2026» և «Էշելոն-2026»։ Բացման արարողությունը տեղի է ունեցել Չեբարկուլի զորավարժարանում․ այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Միջոցառումներին մասնակցում են ՀԱՊԿ երկրների զինվորական զորախմբերը։ Զորավարժությունների բացման արարողությանը մասնակցել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը, կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Միրլան Տուրգունբեկովը, զինվորական զորախմբերի ղեկավարները և մասնակից պետությունների այլ ներկայացուցիչներ։ Սերդյուկովը հայտարարել է, որ մեկնարկած զորավարժությունները 2026 թվականին ՀԱՊԿ-ի պատրաստության առանցքային փուլերից մեկն են։ Մանևրների շրջանակում կազմակերպության երկրների զինծառայողները համատեղ պատրաստություն են անցկացնում և մշակում ստորաբաժանումների փոխգործակցությունը։ «Փոխգործակցություն», «Որոնում» և «Էշելոն» զորավարժությունները վերաբերում են ՀԱՊԿ-ի օպերատիվ և հատուկ պատրաստության հիմնական միջոցառումներին։