Հրդեհի որևէ վարկած չենք բացառում․ Պետրոսյան

27/9/2026 20:52

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ենթակայանում բռնկված հրդեհից հետո Երևանում շուրջ 5 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության,- այս մասին լրագրողներին է հայտնել ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Ըստ նրա, էլեկտրամատակարարումից հիմնականում զրկվել են Կենտրոն վարչական շրջանի մի քանի թաղամասերի բնակիչներ, սակայն նախատեսվում է մի քանի ժամվա ընթացքում վերականգնել էլեկտրամատակարարումը՝ սնուցման այլ աղբյուրների հաշվին։ ՀԷՑ-ի ղեկավարը հայտնել է, որ ընկերությունը հաղորդում է ուղարկել իրավապահ մարմիններին՝ հնարավոր հանցակազմի առկայությունը ստուգելու համար։ Պետրոսյանը նշել է, որ ընկերության մասնագետները կարծում են, որ նման մասշտաբի հրդեհը նման ենթակայանում սովորական էլեկտրատեխնիկական պատճառներով տեղի ունենալ չէր կարող։ «Մենք որևէ վարկած չենք բացառում։ Վաղը առավոտյան կանցկացվի բոլոր ստորաբաժանումների և բոլոր հերթապահների ծառայողական քննություն՝ դիսպետչերական ծառայությունից մինչև այն մասնագետները, որոնք հերթապահություն են իրականացրել ենթակայանում և դրա հետ կապված օբյեկտներում։ Գնահատական կտրվի բոլոր աշխատակիցների գործողությունների իրավաչափությանը»,- ասել է Պետրոսյանը։ Հրդեհաշիջումից և սարքավորումների հովացումից հետո մասնագետները կգնահատեն ենթակայանի վիճակը։ Եթե այն պիտանի լինի հետագա շահագործման համար, ՀԷՑ-ը նախատեսում է մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնել այն և տեղադրել նոր տրանսֆորմատորային սարքավորումներ։ Իսկ եթե օբյեկտը պիտանի չլինի, դրա հզորությունները կբաշխվեն այլ ենթակայանների միջև, և այդ շրջանում կկառուցվի նորը։