Առաջին գոլը 100 տոկոսանոց խախտում էր․ Մելիքյան
29/9/2026 09:47

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-3 հաշվով ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայի ընտրանուց։
Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Մրցավարությունից դժգոհ եմ, առաջին գոլը 100 տոկոսանոց խախտում էր, բայց չեմ ուզում շատ խոսել այդ մասին։ Կասեմ, որ ունեինք պլան Ա և Բ. առաջին ծրագրով աշխատեցինք առաջին խաղակեսում, ընդմիջմանը տակտիկական փոփոխություն կատարեցինք, ինչի շնորհիվ ստեղծեցինք առավելություն և ճնշում։ Ափսոսում եմ, որ չկարողացանք դրական արդյունքի հասնել, ինչի համար ներողություն եմ խնդրում մեր երկրպագուներից։ Շատ տխուր ենք, բայց իմացեք, որ այս թիմը լավ ապագա ունի և շարունակելու է պայքարել։ Եղան անհատական սխալներ, որոնց համար պատժվեցինք, բայց ընդհանուր առմամբ տղաներից շատ գոհ եմ»։
Անդրադառնալով հոգեբանական հարվածին և վերականգնմանը՝ Մելիքյանը նշել է՝
«Բնականաբար ֆիզիկապես լավ վիճակում չենք։ Երբ հիմնական ժամանակի վերջին րոպեին բաց ենք թողում գոլ, դա հոգեբանական շատ մեծ հարված է, որից շատ դժվար է վերականգնվել՝ ավելի բարդ, քան ֆիզիկական վերականգնումը։ Ամեն ինչ պետք է անենք, որ հավաքականը հաջորդ խաղից առաջ լինի պատրաստ»։