Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործը կարճելու միջնորդությունը մերժվել է

2/10/2026 15:33

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը` Սարգսյանի նկատմամբ քրեական գործը կարճելու հետ կապված։ Նախորդ դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանները քրեական գործը կարճելու միջնորդություն էին ներկայացրել: Դատավորն արձանագրել է` գործով նոր հանգամանքի անհրաժեշտություն կլիներ, եթե ՊՆ-ն նախկինում պատշաճ իրազեկված լիներ։ «Սահմանադրության 68-րդ հոդվածն արգելում է նույն արարքի համար կրկին մեղադրանք ներկայացնել, իսկ 2-րդ մասը ասում է` եթե կան նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա, ապա կարող է գործ հարուցվել: Իսկ հիմա որևէ նոր փաստ չկա, այլ նախկին իրավական գնահատականի հետ կա անհամաձայնություն: Հիմա Սերժ Սարգսյանը մեղադրվում է մի բանի համար, որը նախկինում դատախազը կարճել է»,- նախորդ դատական նիստին հիմնավորել էր փաստաբան Ամրամ Մակինյանը։ Այսօր դատարանը նկատեց, որ մեղադրական եզրակացության մեջ դատախազը նշել է, թե Պաշտպանության նախարարությունը չի տեղեկացվել նախորդ դատական գործընթացի մասին և չէր կարող բողոքարկել, իսկ բողոք է ներկայացրել տեղեկանալուց հետո։ Փաստաբան Ամրամ Մակինյանը հակադարձել է՝ շեշտելով, որ այդ քրեական գործով ՊՆ-ն որևէ կարգավիճակ չի ունեցել։ «Եթե ՊՆ-ն դատավարական որևէ սուբյեկտ չի եղել, ինչո՞ւ պետք է տեղեկանար այդ մասին»,- նշել է փաստաբանը։ Դատարանն արձանագրել է, որ այս պահին չի քննում ՊՆ-ի դատավարական սուբյեկտ լինել կամ չլինելու հարցը, իսկ նոր հանգամանքը պետք է հաշվի առնել այն պարագայում, երբ ՊՆ-ն պատշաճ իրազեկված լիներ։ Ըստ դատարանի՝ դատախազությունը ոչ թե նոր հանգամանք է մատնանշել, այլ այն, որ ՊՆ-ն այս գործում ունի իրավաչափ շահեր։