Գանգուղեղային վնասվածքով կնոջ դի է ԲԿ տեղափոխվել

5/10/2026 12:10

Տավուշի մարզում, սեպտեմբերի 27-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել. Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել կնոջ դի, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Սուսաննա Հ.-ն է, ով մահացած վիճակում տեղափոխվել է «պոլիտրավմա հարցականով, գանգուղեղային վնասվածք հարցականով, շոկ անհայտ ծագման հարցականով և հիպեգլոտոմիա» ախտորոշմամբ։ Կնոջ մահվան փաստով ոստիկանները Դիլիջանի ոստիկանություն են տեղափոխել նրա 41-ամյա որդուն, ում այնուհետև ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները նաև տեղեկություններ են ստացել, որ տղան մի քանի անգամ բռնության է ենթարկել մորը և հնարավոր է՝ մահը բռնության հետևանքով է եղել։ Այդ ամենը ճշտելու ուղղությամբ ոստիկաններն ու քննիչները աշխատում են։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կայքի տեղեկություններով՝ մահացած կինը Դիլիջանում մեծ հարգանք է վայելել, աշխատել է դպրոցներից մեկում որպես ուսուցչուհի, ով մի քանի սերունդ է կրթել։ Տեղի ունեցածը սպանություն է, թե հանկարծամահություն, պարզվում է։