Մեր կրթական համակարգն այսօր ապրում է բարդ ժամանակաշրջան

5/10/2026 12:13

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի տոնի առթիվ: «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում ենք Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը։ Այդ հիմքը դնողը Դուք եք։ Ձեր ամենօրյա նվիրումով ու պատասխանատվությամբ է ձևավորվում այն սերունդը, որը տեր է կանգնելու մեր հայրենիքին, շենացնելու է մեր երկիրն ու ապահովելու է նրա ուժեղ ապագան։ Ուսուցչի առաքելությունը սոսկ գիտելիք տալը չէ․ այլև հայրենասեր, արժանապատիվ, մրցունակ և պայքարող քաղաքացի կերտելու սրբազան գործն է։ «Ուժեղ Հայաստան»-ը սկսվում է ընտանիքից, նախակրթարանից, դպրոցից ու դասասենյակից։ Մեր կրթական համակարգն այսօր ապրում է բարդ ժամանակաշրջան, վստահ ենք՝ Դուք կկարողանաք հաղթահարել նաև այս դժվարին փուլը և կհասնեք կրթական համակարգի էական բարելավմանը: Մեր կրթական ավանդույթներում մանկավարժությունը միշտ եղել է ամենապատվավոր ու պատասխանատու ոլորտներից մեկը։ Ձեր ուսերին տարել եք երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու արել եք հնարավորը՝ Ձեր սաներին հայ պահելու և մեսրոպյան գիրը ուսանելու բարդ ու պատվաբեր առաքելությունը։ Այսօր էլ, մեր սերունդը կանգնած է բարդ ընտության առաջ` անառիկ պահել մեր ինքնությունը, ազգային արժանապատվությունն ու մեր Մայր եկեղեցին և դարձյալ մեծ է Ձեր պատասխանատվությունը: Վստահ ենք, որ այս անգամ էլ հայ ուսուցիչը պատվով կկատարի իր առաքելությունը և կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ մեր խաղաղությունը խաթարող նվաստացուցիչ զիջումների։ Շնորհակալություն ձեր աննկուն աշխատանքի, կամքի և մեր պետության ապագան կերտելու անգնահատելի վաստակի համար։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ էներգիա և հպարտություն՝ Ձեր կերտած սերնդի հաջողություններով։ Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ»,- նշված է ուղերձում: