Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը

5/10/2026 15:34

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանն իր ցավակցություններն է հայտնել Իրանի գործընկերոջը նրա քրոջ մահվան կապակցությամբ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը: Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագրում և իր գործնական արտահայտումն է գտնում թե՛ բարձրագույն մակարդակում երկխոսության դինամիկայի, թե՛ կարևոր ծրագրերի իրագործման մեջ: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին: Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռվող նոր հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել հանրային տեղեկատվության ոլորտում շարունակական փոխգործակցության կարևորությանը, այդ թվում՝ մեդիա տիրույթում անհարկի շահարկումներին պատշաճ հակազդեցության առումով: Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: