Նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են

6/10/2026 13:04

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»–ի կոնյակով բեռնված բեռնատարները շուրջ մեկ ամիս է՝ կանգնած են Վերին Լարսի ռուսական կողմում: Shamshyan.com–ի հետ զրույցում վարորդները նշել են, որ այս ժամանակահատվածում ծախսել են սնունդ և վառելիք ձեռք բերելու համար նախատեսված գումարն ու այս պահին անելանելի դրության մեջ են հայտնվել։ «Ուզում եմ նշել, որ կոնյակի բաղադրության մեջ ոչինչ չի փոխվել, այսինքն նույն կոնյակն է, որը մեկ ամիս առաջ գործարանը հանգիստ կարողանում էր արտահանել։ Բայց այս պահին հարցեր են առաջացել ռուսական կողմի հետ, և նմուշառում է վերցված, ուղարկված է փորձաքննության։ Այս պահին սպասում ենք փորձաքննության արդյունքներին»,– NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»–ի հանրային կապերի պատասխանատու Ինգա Գալուստյանը՝ նշելով, որ խոսքը շուրջ երկու տասնյակ բեռնատարի մասին է։ Ինգա Գալուստյանը նշել է, որ հարցը, թե ինչու է նմուշառման որոշում կայացվել, եթե նախկինում որևէ խնդիր չի եղել, ռուսական կողմի տիրույթում է։ «Վարորդները վճարումների հարց էին նաև բարձրացրել, ուզում եմ նշել, որ մեր բեռնափոխադրողների հետ հարաբերությունները պայմանագրային են, և այդ հարցերը մեր տիրույթից դուրս են»,– ասել է գործարանի հանրային կապերի պատասխանատուն։