Մոսկվան պատրաստ է քննարկել Գյումրիում ռուսական բազային առնչվող բոլոր հարցերը
6/10/2026 20:45

Հայաստանի ղեկավարությունը փորձում է Մոսկվայի վրա բարդել Գյումրիում ռուսական ռազմական բազայի հնարավոր ապագայի պատասխանատվությունը. այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն առընթեր ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա գահատմամբ՝ նման դիրքորոշումը տեղավորվում է ներկայիս հայկական քաղաքականության ընդհանուր միտման մեջ, որի պայմաններում Երևանը, ինչպես պնդում է դիվանագետը, արտաքին խաղացողներից ակնկալում է առանցքային որոշումների ընդունում։
Որպես օրինակ Կալուգինը նշել է Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրության վերաբերյալ հնարավոր հանրաքվեի քննարկումը։ Ըստ նրա՝ հայկական իշխանությունները հայտարարում են, որ նախ անհրաժեշտ է դրական ազդանշան ստանալ Բրյուսելից։ Նմանատիպ իրավիճակ, դիվանագետի կարծիքով, ձևավորվում է նաև Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների շուրջ․ Երևանում հնչում են հայտարարություններ, թե երկրի հնարավոր հեռացումը կազմակերպությունից իշխանություններին կազատի ինքնուրույն որոշում ընդունելու անհրաժեշտությունից՝ մնա՞լ այնտեղ, թե՞ դուրս գալ։
Միևնույն ժամանակ Մոսկվան պատրաստ է քննարկել Գյումրիում ռուսական բազային առնչվող բոլոր հարցերը՝ հայտարարել է Կալուգինը։ Ըստ դիվանագետի՝ նման երկխոսությունը կվարվի Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտի գտնվելու վերաբերյալ գործող համաձայնագրերի շրջանակում։
Դիվանագետը հայտարարել է նաև, որ բազայի ապագայի քննարկման դեպքում Մոսկվան մտադիր է ուշադրություն դարձնել հայկական որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք, նրա գնահատմամբ, ուղղված են ռուսական ռազմական ներկայության վարկաբեկմանը և բազան որպես «օկուպացիայի տարր» են ներկայացնում:
Կալուգինը պնդում է, որ վերջին սոցիոլոգիական ուսումնասիրությունների տվյալներով՝ Հայաստանի բնակիչների մեծամասնությունը կողմ է ռուսական բազայի պահպանմանը։ Որպես վկայություններից մեկը նա նշել է քաղաքացիների հետաքրքրությունը բազայում պարբերաբար անցկացվող բաց դռների օրերի նկատմամբ։
Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր չէ Հայաստանին պարտադրել իր ռազմական բազայի ներկայությունը։ Ըստ նախագահի՝ եթե Երևանը կարծում է, որ այն այլևս պետք չէ, ռուս զինծառայողները կարող են լքել երկիրը։
Ռուսաստանի 102-րդ ռազմական բազան տեղակայված է Գյումրիում՝ 1995 թվականի միջպետական համաձայնագրի հիման վրա։ 2010 թվականին դրա գտնվելու ժամկետը նախնական 25 տարուց երկարաձգվել է մինչև 2044 թվականը։