«3+3»-ի ղեկավարների հաջորդ հանդիպման վայրը կորոշեն ՀՀ-ն ու Ադրբեջանը

6/10/2026 23:02

Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ նիստի անցկացման վայրը պետք է որոշեն Ադրբեջանն ու Հայաստանը, իսկ Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերելու անհրաժեշտ աջակցություն,- այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Ըստ Կալուգինի՝ ձևաչափի շրջանակում համագործակցությունն ընդլայնվում է։ Հունիսին ՊՄՏՀ-ի շրջանակում գործարկվել է «3+3» փորձագիտական «ուղի»-ն՝ բոլոր վեց երկրի, ներառյալ՝ Վրաստանի, քաղաքագետների մասնակցությամբ։ Բացի դրանից, հոկտեմբերին Մոսկվայում «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի հարթակում նախատեսվում է ձևաչափի շրջանակում առաջին հանդիպումը, որը նվիրված կլինի էներգետիկ համագործակցության հարցերին, հայտնել է դիվանագետը։ «3+3» ձևաչափը, որը միավորում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, առաջարկվել է 2020 թվականի վերջին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Վրաստանին բազմիցս հրավիրել են մասնակցելու, սակայն վերջինս առայժմ չի միացել հարթակի աշխատանքներին։ Վեց երկրի ներկայացուցիչների առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին։ 2023 թվականի հոկտեմբերին Թեհրանում անցկացվել է արտգործնախարարների առաջին հանդիպումը։ Վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։