Lոլիկ աճեցնողները փակել են միջքաղաքային ճանապարհը

9/10/2026 18:05

Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչները (հիմնական մասը ասորիներ են.) փակել են միջքաղաքային ճանապարհը` բողոքելով, որ իրենց աճեցրած լոլիկը չեն կարողանում վաճառել։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասել է` համաձայն է, որ իրենցից կիլոգրամը 100 դրամով գնեն լոլիկը, տանեն, քանի որ իրենք` որպես սովորական տնտեսվարող, երկրից արտահանում անել չեն կարող, իսկ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները հավելյալ խնդիրներ են առաջացրել իրենց համար։ «870 հազար դրամ մի տեղ եմ պարտք, մեկ միլիոն դրամ` մեկ ուրիշ տեղ, ու չգիտեմ` երբ եմ այդ պարտքը տալու… Եթե այդ պարտքը այս տարի չտամ, մյուս տարի ոչ մեկն ինձ հետ չի աշխատի, ես էլ բերք չեմ կարողանա աճեցնել ու կմնամ երկու սարի արանքում»,- պատմել է նա։ Գյուղացու խոսքով` իրենց համայնքը` Վերին Դվինը, ունի 50–60 հա հողատարածք, ու մինչև սեզոնի ավարտն ընդհանուր բերքի ծավալը 2000 տոննայից ավելի կկազմի, չգիտեն` ինչ են անելու այդքան լոլիկը։ Վերին Դվինի մեկ այլ բնակիչ` Աշոտ Բադալյանն էլ նշել է, որ իրենց խնդիրները ծագեցին, երբ խոշոր արտահանողները ՌԴ–ի կողմից սահմանափակումների պատճառով սկսեցին դժվարություններ ունենալ։ Արդյունքում չարտահանված բերքը ողողեց ամբողջ տեղական շուկան, իսկ փոքր տնտեսությունների բերքը մնաց ու սկսեց փչանալ։ Նրա խոսքով` շատ գյուղացիներ ուղղակի չեն հավաքում բերքը դաշտից` դա համարելով անիմաստ աշխատանք։ Միակ լուծումը, ըստ Բադալյանի, այն է, որ ինչպես խաղողի, այնպես էլ լոլիկի մթերման դեպքում պետությունը սուբսիդավորի, որ հասարակ գյուղացին կարողանա գոնե 150 դրամով լոլիկը հանձնել գործարան։ Բնակիչների խնդրին ծանոթանալու համար բողոքի ակցիայի վայր էր եկել նաև ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։ Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է` երբ իշխանությունները սկսեցին այլևս չսուբսիդավորել լոլիկ աճեցնողներին, նրանք սկսեցին դժվարություններ ունենալ վաճառքի հետ կապված։