Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի
12/10/2026 22:08

Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել և թերևս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող»,- այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Առաջին հայացքից սա կարող է թվալ պատմափիլիսոփայական դատողություն։ Սակայն իրականում գործ ունենք ոչ միայն վիճահարույց, հակագիտական թեզի, այլև շատ ավելի վտանգավոր քաղաքական ենթատեքստի հետ։
Փաշինյանն, ըստ էության, փորձում է վերաիմաստավորել մեր ժողովրդի պատմական անցյալը՝ այն հարմարեցնելով սեփական իշխանության քաղաքական օրակարգին։
Ի՞նչ է նշանակում՝ հայ ժողովուրդը նախկինում պատմություն ստեղծող չի եղել, այլ ընդամենը վերարտադրել է այն։
Եթե հետևենք Փաշինյանի այս տրամաբանությանը, ապա ստացվում է, որ 1988 թվականի արցախյան շարժումը, Հայաստանի անկախության վերականգնումը, Երրորդ հանրապետության ստեղծումը և Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակը հայ ժողովրդի պատմաստեղծ գործունեության արդյունք չեն եղել։
Այդ դեպքում ո՞վ է կերտել մեր նորագույն պատմությունը՝ օտարնե՞րը, իսկ հայ ժողովուրդը պարզապես իրականացրե՞լ է ուրիշների մշակած սցենարը։
Փաշինյանի ձևակերպումը, անկախ նրա սուբյեկտիվ մտադրություններից, վտանգավոր ընդհանրություններ ունի ադրբեջանա-թուրքական քարոզչության այն թեզերի հետ, որոնցով տասնամյակներ շարունակ փորձ է արվել կասկածի տակ դնել արցախյան շարժման ինքնուրույն բնույթը, հայկական պետականության կայացման պատմական օրինաչափությունն ու մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը, կամա թե ակամա, վերարտադրում է մեր հակառակորդների համար շահեկան պատմաքաղաքական մեկնաբանություններ՝ միաժամանակ զբաղվելով Երրորդ հանրապետության պատմական հիմքերի ապալեգիտիմացմամբ։
Այս ամենի հիմքում քաղաքական պատասխանատվությունից խուսափելու միանգամայն որոշակի տրամաբանություն է։ Փաշինյանին անհրաժեշտ է պատմական նոր մեկնակետ, որից առաջ եղած ամեն ինչ հնարավոր կլինի ներկայացնել որպես սխալների, պատրանքների կամ արտաքին ազդեցությունների հետևանք, իսկ սեփական իշխանության քաղաքականությունը՝ որպես այդ ամենից ազատագրվելու պատմական առաքելություն։
Այս տրամաբանության մեջ Արցախյան հաղթանակը դառնում է անցյալի «պատրանք», իսկ Արցախի կորուստը՝ նոր իրականության հետ հաշտվելու անխուսափելի գին։ Այսպիսով, քաղաքական աղետը փորձ է արվում ներկայացնել որպես պատմական անհրաժեշտություն, իսկ դրա համար պատասխանատվությունը՝ փոխարինել պատմական առաքելության մասին պրիմիտիվ դատողություններով։
Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Փաշինյանի կողմից «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» հետևողական հակադրումը։
Նա փորձում է արժեզրկել հայկական պետականության նախորդ շրջանի քաղաքական և պատմական ժառանգությունը՝ սեփական իշխանությունը ներկայացնելով որպես որակապես նոր պատմության սկզբնավորում։
Պետականության շարունակականության գաղափարը փոխարինվում է իշխանության բացառիկության գաղափարով։
Խոսելով «պատմություն ստեղծող» քաղաքացու մասին՝ Փաշինյանն, ըստ էության, պատմություն ստեղծողի բացառիկ առաքելությունը վերապահում է հենց իրեն։ Ստացվում է, որ մինչև Փաշինյանը հայ ժողովուրդը հիմնականում «վերարտադրել» է պատմությունը, իսկ նրա իշխանության օրոք վերջապես դարձել է պատմության ինքնուրույն սուբյեկտ։ Դժվար է պատկերացնել սեփական քաղաքական դերի ավելի հավակնոտ, միաժամանակ՝ ամբարտավան մեկնաբանություն։
Հայ ժողովուրդը պատմություն է ստեղծել իր ձևավորման ակունքներից: Այդ պատմության մեջ եղել են նաև ողբերգություններ, պարտություններ ու ճակատագրական սխալներ։ Բայց դրանց գոյությունը չի կարող չեղարկել մեր ժողովրդի պատմաստեղծ դերը կամ արդարացնել նախորդ սերունդների ձեռքբերումների արժեզրկումը։
Քաղաքական առաջնորդի պատասխանատվությունն այն է, որ կարողանա պահպանել պետականության պատմական շարունակականությունը՝ շտկելով անցյալի սխալները, այլ ոչ թե սեփական ձախողումները բացատրի անցյալի մերժմամբ։ Փաշինյանը, սակայն, ընտրել է այլ ճանապարհ։ Նրա քաղաքական խոսույթում աստիճանաբար ձևավորվում է մի պատկեր, որտեղ նախկինում ամեն ինչ սխալ էր, իսկ ներկան՝ անկախ իր աղետալի հետևանքներից, ներկայացվում է որպես պատմական առաջընթաց։
Այս կերպ փորձ է արվում հանրային քննարկման առանցքից դուրս մղել շատ ավելի առարկայական հարցեր․ ինչո՞ւ կորցրինք Արցախը, ինչո՞ւ փլուզվեց Հայաստանի անվտանգության համակարգը՝ առանց կենսունակ այլընտրանքի ձևավորման, և ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել տարածաշրջանային ուժերի շահերի բախման կիզակետում՝ դրանից բխող ռիսկերով։
Այս հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանն առաջարկում է «նոր պատմություն» ստեղծելու գաղափարը։ Բայց պատմական նոր էջի մասին հայտարարությունը չի կարող փոխարինել քաղաքական հաշվետվողականությանը, պատասխանատվությանը։
Պետության համար վտանգավոր է այն իրավիճակը, երբ գործող իշխանությունը սեփական քաղաքական կենսագրությունը փորձում է նույնացնել ժողովրդի պատմության հետ։ Հայաստանի պատմությունը չի սկսվել Նիկոլ Փաշինյանից և չի ավարտվելու նրա իշխանությամբ։
Փաշինյանի իշխանության պատմական գնահատականը պայմանավորվելու է ոչ թե «պատմություն ստեղծելու» մասին հռչակագրերով, այլ կոնկրետ արդյունքներով՝ Արցախի կորստով, Հայաստանի անվտանգային միջավայրի արմատական վատթարացմամբ և պետականության առջև ծառացած նոր մարտահրավերներով։
Փաշինյանը փորձում է վերաշարադրել պատմությունը, բայց չի կարող այդ ճանապարհով վերացնել սեփական քաղաքական պատասխանատվությունը։ Պատմությունը ստեղծում են ժողովուրդները, իսկ քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրում այդ պատմության մեջ իրենց կայացրած որոշումների համար։ Եվ հենց այդ պատասխանատվությունից էլ Փաշինյանը փորձում է խուսափել՝ պատմության վերանայումը ներկայացնելով որպես պատմաստեղծ առաքելություն»,-նշել է նա։