«Մուլտի Ուելնես»-ի լողավազանում երեխաներ են վատացել
16/10/2026 22:16

«Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրում լողավազանում քլոր չափից ավելի արտահոսք է եղել, ապահովության համար ենք շտապօգնություն կանչել․ այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են համալիրից։
Ավելի վաղ Makaryan.news-ը գրել էր, որ շտապօգնության մեքենա է ժամանել ու, ըստ ներսում տարածված խոսակցությունների, լողավազանում ջրի մեջ քլորի չափաբաժինը մեծ է եղել, և երեխաներ են վատացել։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտնել է, որ բուժօգնություն է ցուցաբերվել հինգ անձի, որոնցից 4-ը երեխաներ են, իսկ 1-ը` մեծահասակ (նա ազգությամբ հնդիկ է, աշխատակիցներից մեկն է)։ Անվտանգության նկատառումներից ելնելով` դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ ու անձանց տրամադրվել է լրացուցիչ թթվածին` ապահովության համար։
Երեխաները գանգատվել են քլորի ընդգծված հոտից, կոկորդում քերոցի զգացողությունից։ Համալիրի աշխատակցի մոտ արձանագրվել է աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, փսխում, ինչպես նաև օդի անբավարարության զգացում և գլխապտույտ: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: