Հայկական կանաչ թեյում արգելված պեuտիցիդ է հայտնաբերվել

19/10/2026 11:06

Լատվիայի Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը (ՍԱԾ), իրականացնելով սահմանային վերահսկողություն, հայկական ծագման կանաչ թեյում լաբորատոր եղանակով հայտնաբերել է Եվրոպական Միությունում (ԵՄ) արգելված պեստիցիդի մնացորդներ, հայտնում են լատվիական ԶԼՄ-ները՝ հղում անելով ծառայության հրապարակած տեղեկատվությունը: Հայկական ծագման կանաչ թեյի 57,6 կիլոգրամանոց խմբաքանակում («8810» խմբաքանակի համարով) ՍԱԾ-ն լաբորատոր եղանակով հայտնաբերել է ԵՄ-ում արգելված «տոլֆենպիրադ» պեստիցիդի մնացորդներ, ինչպես նաև այլ պեստիցիդների՝ «լամբդա-ցիհալոտրինի» և «թիամետոքսամի» առավելագույն թույլատրելի մնացորդային քանակությունների գերազանցում: Իր հերթին, Ղազախստանից ներմուծված մանանեխի սերմերի 22 տոննայանոց խմբաքանակում («248K-2013» խմբաքանակի համարով) ՍԱԾ-ն հայտնաբերել է էրուկաթթվի առավելագույն թույլատրելի քանակի գերազանցում: Ծառայությունից նշում են, որ երկու խմբաքանակների իրացումն էլ արգելված է, և դրանք կոչնչացվեն կամ կուղարկվեն երրորդ երկիր: Էրուկաթթուն միահագեցած օմեգա-9 ճարպաթթու է, որը հանդիպում է ձեթատու բույսերի սերմերում, օրինակ՝ հալվայի (ռապսի) սերմերում, մանանեխի սերմերում և դրանց յուղերում: Հայտնաբերվածի վերաբերյալ ՍԱԾ-ն ծանուցում է տեղադրել ԵՄ Արագ արձագանքման համակարգում (RASFF): Հայկական ԶԼՄ-ներին ՍԱՏՄ-ից հայտնել են, որ նշված խմբաքանակի թեյերը հայկական ծագման չեն եղել: