Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ

19/10/2026 12:46

Այսօր համաժողովի բացման լիագումար նիստում ընտրվեցի COP17-ի նախագահ՝ ստանձնելով միջազգային հանրության համատեղ աշխատանքն առաջնորդելու մեծ պատիվն ու պատասխանատվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: «Շնորհակալ եմ Կոնվենցիայի կողմերին՝ Հայաստանի և իմ նկատմամբ ցուցաբերած վստահության համար։ Այս պատասխանատվությունը ստանձնում եմ բոլոր կողմերին անաչառ ծառայելու, յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու և մեր համատեղ ջանքերը շոշափելի արդյունքների վերածելու հանձնառությամբ։ Բացման ելույթում ընդգծել եմ՝ Երևանում ունենք բացառիկ հնարավորություն գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և համաձայնեցնելու հետագա կոնկրետ քայլերը։ Մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է արագացնել աշխատանքը՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։ Հայաստանի նախագահությունը գործելու է բաց երկխոսության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։ Մեր խնդիրն է կամրջել տարաձայնությունները, ձևավորել համաձայնություն և ապահովել բոլորի մասնակցությունը՝ կառավարություններից մինչև երիտասարդներ, գիտական հանրությունից մինչև մասնավոր հատված։ Թող Երևանը դառնա այն հանգրվանը, որտեղ ընդհանուր հանձնառությունները վերածվում են համատեղ գործողությունների՝ հանուն բնության, ներկա և գալիք սերունդների»,- գրել է նա։