Նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են
22/10/2026 12:23

«Հայաստան» դաշինքի թելեգրամյան էջում հրապարակված գրառման մեջ նշվում է, որ հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։
«Բացատրենք։
Գործի հիմքում ֆինանսական փաստաթղթեր են, որոնք, փաստացի, արդեն առգրավված, վերծանված և ուսումնասիրված են։
Հիմա հարց․ ինչպե՞ս կարելի է 15, 20 կամ 25 տարի անց փոփոխել ժամանակին գործող նորմատիվները, բանկային քաղվածքները, Կադաստրի կոմիտեի փաստաթղթերը, կառավարության հրապարակված որոշումները կամ դրանց վերաբերյալ սահմանված կարգով նախագահի կողմից կատարված վավերացումները։
Դատախազ Ծովակ Մնացականյանը և քննիչ Սմբատ Մխիթարյանը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել հենց կալանքի տակ։
2022 թվականից ի վեր, կալանքից բացի, նախատեսված են բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ, և միայն դրանց կիրառումը բացառող կոնկրետ հիմքերի առկայության դեպքում կարող է քննարկվել կալանքի հարցը։
Մինչ օրս չի ներկայացվել որևէ տվյալ, որևէ փաստ կամ նույնիսկ ողջամիտ ենթադրություն, որը կհիմնավորեր, թե ինչու է բացառվել այլ խափանման միջոցների կիրառումը։
Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը։ Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։
Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա ժամը 16։30-ին՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ։
Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 3/9»։