Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշումը կհրապարակվի ժամը 17։30-ին
23/10/2026 10:06

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը ավարտվել է. որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17։30-ին։
Միջնորդությունը քննվել է ավելի քան 12 ժամ։
Երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը դատարանից դուրս գալուց հետո, լրագրողներին ասել է.
«Գործը երկար տևեց, որովհետև միջնորդության հետ կապված բավականին երկար հարցադրումներ կան, որի մեջ նաև մեղադրանքն էր։ Այդտեղ հիմնավորումներն էին հիմնավոր կասկածի ենթադրյալ ամրապնդման մասին, նաև մեր պնդումը ամբողջությամբ հերքման նաև կալանքի հիմքերի հետ կապված։ Մենք բավականին շատ նյութ ենք ներկայացրել, որով հերքվում էր ուղղակիորեն կալանքի անհրաժեշտությունը։ Պրոցեսը բավականին ինտերակտիվ է եղել, դատարանը հարցեր ուներ, կողմերը իրար հարցեր ունեին, եղան ելույթներ։
Այս ամբողջ ինֆորմացիայի ֆոնի վրա, խափանման միջոցը կալանք չպետք է կիրառվի, բայց հիմա տեսնենք մնացած հանգամանքները: Հստակ ներկայացվել է գործընթացը, հստակ ներկայացվել է եզրահանգումների կառուցվածքը, որ ի սկզբանե եթե ենթադրում ենք, որ անձը մեղավոր է, հետո փորձում ենք մնացած ամեն ինչը դրա տակ կառուցել, կարող է գանք այս եզրահանգման։ Բայց եթե փորձում ենք նյութերը օբյեկտիվորեն նայել և դրանք գնահատել օբյեկտիվորեն, ամբողջ կոնտեքստում հասկանում ենք, որ այն վարկածը, որը առաջ է քաշում մեղադրանքը, ընդհանրապես չի դիմանում քննադատության։
Դրանից բացի մի շարք պնդումներ կան, որոնք իրենք բնույթով հակասահմանադրական են։ Այսինքն նախագահի կողմից վավերացված կառավարության որոշումները, որոնք ուժի մեջ են, դրանց քրեադատավարական գնահատական տալը, քանի դեռ դրանք չեն վերացվել դատարանի կողմից, ինչ-որ ենթադրյալ մեկնաբանություններ, «մենք այդպես ենք մեկնաբանում» տրամաբանությամբ, հակասահմանադրական է»։