ԵՄ համար Հրվ․ Կովկասը ՌԴ հետ դիմակայության ասպարեզ է դարձել
23/10/2026 18:07

Հարավային Կովկասը Եվրամիության համար Ռուսաստանի հետ դիմակայության ասպարեզ է, Մոսկվան տեսնում է, թե ինչ ճնշման են ենթարկվում տարածաշրջանի երկրները․ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Նրանց համար Հարավային Կովկասը Ռուսաստանի Դաշնության հետ դիմակայության ասպարեզ է։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճնշման մեթոդների են նրանք ենթարկում այն երկրներին, որոնք հայտարարում են, որ միանալու են Եվրամիությանը կամ դառնում են անդամակցության թեկնածու։ Նրանցից պահանջում են հրաժարվել ինքնուրույնությունից դեռևս մինչև Եվրամիություն նրանց պաշտոնական անդամակցությունը»,- ասել է Գրուշկոն։
Նա նշել է, որ ԵՄ-ն որպես հիմնարար պայման երկրներից պարտադիր պահանջում է միանալ ընդհանուր արտաքին քաղաքականությանը և անվտանգության ոլորտի քաղաքականությանը՝ միանալով բոլոր այն հայտարարություններին, որոնք նրանք անում են։
«Իսկ այդ հայտարարությունների 80%-ը նրանք անում են Ռուսաստանի վերաբերյալ։ Հետևաբար ռիսկերը չտեսնելն ուղղակի անհնար է»,- ասել է փոխնախարարը։