Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները

24/10/2026 16:49

Ֆրանսիական ժանդարմերիայի զրահապատ բեռնատարները ժամանել են Փարիզի փողոցներ զանգվածային ցույցերի մեկնարկից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Մի քանի զրահամեքենաներ հերթապահություն են իրականացնում Ելիսեյան պալատի մոտ, որի շուրջ անվտանգության պարագիծը ընդլայնվել է սովորական օրերի համեմատ: Ծառայությունները փակել են ֆրանսիացի առաջնորդի նստավայրին հարող փողոցների մուտքը միկրոավտոբուսներով և երկաթյա արգելապատնեշներով: Եվս մի քանի զրահապատ ավտոմեքենաներ, բազմաթիվ ոստիկաններ և ժանդարմներ հերթապահում են Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) մոտ: Ինչպես նաև ոստիկանության և ժանդարմերիայի մեծ քանակությամբ մեքենաներ կայանված են փողոցների երկայնքով՝ զբոսաշրջային վայրերի հարևանությամբ, այդ թվում՝ Ելիսեյան դաշտերում, Էյֆելյան աշտարակի մոտ, Հաղթական կամարի մոտ և քաղաքի ողջ տարածքում գտնվող մի շարք այլ կետերում: Հիշեցնենք, որ այսօր Փարիզում սպասվում է զանգվածային ցույց՝ արհմիութենական և ուսանողական շարժումների մասնակցությամբ: Մայրաքաղաքային պրեֆեկտուրան չի համաձայնեցրել նրանց հայցած երթուղին Բաստիլի հրապարակից մինչև Ազգերի հրապարակ՝ դրա փոխարեն համաձայնեցնելով երթը քաղաքի ծայրամասում՝ «Պորտ դ'Իտալի» մետրոյից մինչև «Պորտ դը Վենսեն» մետրո: Անկարգություններից և թալանից հետո, որոնց վերածվեցին ցույցերը անցյալ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, հանրապետության ՆԳՆ-ն խոստացավ լրջորեն ուժեղացնել անվտանգության միջոցառումները և հասարակական կարգի պահպանման մեջ ներգրավված ոստիկանության ու ժանդարմերիայի ուժերն ավելացնել 10,000-ից մինչև 70,000: Սպասվում է, որ հոկտեմբերի 24-ի ցույցերը ողջ Ֆրանսիայում կհավաքեն մինչև 500,000 մասնակից: