Ընտրատեղամասերը փակվել են. մեկնարկել է ձայների հաշվարկը
25/10/2026 21:20

Ժամը 20.00-ին փակվել են հանրապետության 21 համայնքների ընտրատեղամասերը։
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի 10 մարզերի 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին։
Թվով 19 համայնքներում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքներում՝ Շամիրամում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։
Թվով 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցելու համար 13 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների կողմից ներկայացվել է առաջադրման 46 դիմում։
1 կուսակցության գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել ինքնաբացարկի դիմումի հիման վրա։
5 համայնքներում՝ Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան, Վայք, առաջադրվել է 1-ական կուսակցություն,
6 համայնքներում՝ Արաքս, Ծաղկաձոր, Հրազդան, Գորիս, Ջերմուկ և Իջևան՝ 2-ական քաղաքական ուժ, Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Դիլիջան համայնքներում առաջադրվել էր 3-ական քաղաքական ուժ,
4 համայնքներում՝ Մարտունի, Արթիկ, Մեղրի և Ստեփանավան համայնքներում պայքարում էին 4-ական քաղաքական ուժ։