Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցն է

27/10/2026 09:56

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցը: 1999 թվականի այս օրը զինված հանցագործների մի խումբ ԱԺ հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ներխուժեց խորհրդարան և գնդակահարեց պետական գործիչների: Ահաբեկչությանը զոհ գնացին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 մարդու, հիմնականում՝ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները ազատ են արձակել։ Վիրավորում ստացած պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։ Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։ Դատարանը 2003 թվականի դեկտեմբերի 2-ին հրապարակեց գործով դատավճիռը: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների նկատմամբ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ 1-ը՝ 14 տարվա ազատազրկման: 2024–ի օգոստոսի 26–ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը: «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը: «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվել է 2018–ից հետո ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա: Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար 2009 թվականին Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» (1953 թ.) քանդակը: