Սարգիս Ստեփանյանը` պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն
1/11/2026 21:12

Եվս մեկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնության պատվո հարթակում, և մեր եռագույնը բարձրացավ։
Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, Սարգիս Ստեփանյանը նվաճել է բազկամարտի չեմպիոնի տիտղոսը։ Սա հայ մարզիկի 5–րդ չեմպիոնական տիտղոսն է աշխարհի առաջնությունում։
Նա հպարտությամբ նշել է, որ ևս մեկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնության պատվո հարթակում, և մեր եռագույնը բարձրացավ։
«Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ»,–գրել է նա։
Այս հաղթանակը Ստեփանյանը նվիրել է նաև իր հայրիկի ծննդյան օրվան։
Հիշեցնենք, որ Սարգիս Ստեփանյանը Հայաստանի զինված ուժերում ծառայել է որպես հետախույզ, ունի գնդապետի կոչում։ 2014 թվականի հունիսի 29-ին մարտական գործողություններ իրականացնելիս ականապայթյունային վիրավորում է ստացել՝ կորցնելով ոտքերն ու ձեռքը։