«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Չեխիայի դեսպանի հետ

2/11/2026 19:39

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը նոյեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստան-Չեխիա հարաբերություններից, մի շարք ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունից։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձել է մի շարք բնագավառներում առկա որոշ բացթողումներին ու խնդիրներին, ներկայացրել դրանց վերաբերյալ իր դիտարկումներն ու կարգավորման ուղղությամբ պատկերացումները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Եվրամիություն գործակցության վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։ Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել է վերոնշյալ գործընթացների վերաբերյալ խմբակցության տեսակետը։