ՔԿ նախագահ. Շաքի մտած ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել

3/11/2026 19:22

Շաքի մտած ադրբեջանցին ժամերով երեխաներին չի վնասել, ասում է՝ մառախուղի պատճառով է մոլորվել: Սպանելու դիտավորություն չի ունեցել,- ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին հարցին։ «Հարցաքննվել է, ցուցմունք է տվել, չեմ կարող բացահայտել հարցաքննության բովանդակությունը։ Այդ դեպքով վաղը չէ, մյուս օրը ԱԺ-ում փակ հանդիպում է տեղի ունենալու։ Հիմա նախաքննական գաղտնիքի պահպանման տեսանկյունից չեմ կարող բացել ցուցմունքների բովանդակությունը։ Բայց մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը․ ամբողջը մատնանշել է։ Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք․ այն անձը, որը մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն է տեսնում, ապակին կոտրում է, սոված է լինում, մտնում է էդտեղ, ճաշ է սարքում, փոխվում է։ Երեխեքը մտնում են, ինքը երեխեքի ձեռքից հեռախոսը վերցնում է, ժամերով այդ երեխաներին նստեցնում է, չի վնասում»,– նշել է Արթուր Պողոսյանը։ Միաժամանակ ՔԿ նախագահը ներկայացրել է տղամարդուն մեղսագրվող արարքները՝ նշելով, որ նրան մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ «Մենք մեղսագրել ենք իրեն, ասեմ՝ ինչ հոդվածներ․ անձին ծանր մարմնական վնասվածք պատճառել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազատությունից ապօրինի զրկել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, գողացել է նաև քարտեր և դրամ, և ապօրինի սահմանահատում»,– ասել է նա։