Անկախության հռչակագիրը ոչ ոք չի կարողանալու ջնջել Հայաստանի պատմությունից
9/11/2026 13:34

Եթե անկեղծ լինեմ, ես ընդհանրապես չեմ հասկանում Հայաստանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը Սահմանադրության հետ կապված, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը, ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Որովհետև եթե դուք կարդաք էն հարցերը բնագրերից, որոնց հետ կապված այս պահին բանավեճ է ընթանում, դուք կհասկանաք, որ էդտեղ ընդհանրապես քննարկման նյութ չկա, բայց դրա հետ մեկտեղ քննարկման նյութ կա էնպիսի կարևոր հարցերի հետ կապված, որտեղ, օրինակ, ես ունեմ լիքը քննադատական նկատառումներ պրոցեսի առումով։ Օրինակ՝ մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք, պետք է այլ տրամաբանությամբ փորձենք քննարկման առարկա դարձնել և այլն:
Հիմա գաղափարը հետևյալն է, հարգելի՛ գործընկերներ. Անկախության հռչակագիրը, լինի քաղաքական մեծամասնությունը, թե ընդդիմությունը, ոչ ոք չի կարողանալու ջնջել Հայաստանի պատմությունից։
Անկախության հռչակագիրը մի փաստաթուղթ է, որը շատ կարևոր սիմվոլիկ փաստաթուղթ է, որը մինչև հիմա գոյություն ունի և շարունակելու է գոյություն ունենալ։ Բայց էն հարցը, ինչի վերաբերյալ կա բանավեճ, ես վստահեցնում եմ ձեզ, անբովանդակ բանավեճ է զուտ էն առումով, թե ինչի վրա են ընդհանրապես հղումները և ինչի մասին է եղել Հայաստանի զարգացման ամբողջ պատմությունը։ Առաջարկում եմ նստել համատեղ սեղանի շուրջ և հասկանալ, թե ինչի շուրջ ենք բանավիճում ընդհանրապես»,– հայտարարել է Անահիտ Մանասյանը։