iMessage համակարգի միջոցով ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում

9/11/2026 16:46

Քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։ Հայտնում են ՆԳՆ-ից: «Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։ Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։ Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․ • Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։ • Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։ • Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։ • Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։ • Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։ Հիշե՛ք․ պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Մի՛ վստահեք կասկածելի հղումներին և մի՛ փոխանցեք Ձեր անձնական տվյալները»,- նշված է հաղորդագրության մեջ։